ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հաջորդ շաբաթ հանդիպել Վիեննայում:
Դավիթ Բաբայանն ասաց, որ ՀՀ նախագահը նշել է այն հանգամանքները, որոնց դեպքում հնարավոր է բանակցային գործընթացի վերսկսում: «Համանախագահների այդ հայտարարության մեջ կան կետեր, որոնք որ արտացոլում են ՀՀ նախագահի ասածը, հետևաբար ակնկալվում է, որ համանախագահները ընդունում են այդ գաղափարները և կարևորում են խաղաղության կայունության պահպանումը և հրաժարվում են ցանկացած ուժային տարբերակից»,-ասաց նա և անհրաժեշտ համարեց, որ այս հարցերի շուրջ ընթանան բանակցությունները և կոնկրետ պայմանավորվածություններ լինեն:
«Ամեն ինչ պետք է արվի, որ տարածաշրջանում պահպանվի խաղաղություն և կայունություն, դրա համար, օրինակ, զինադադարի ռեժիմի խախտումներն արձանագրելու մեխանիզմներ են պետք, թե ով է խախտել, երբ է արել»,-ասաց նա և այլ հարցերի շուրջ բանակցելը վաղաժամ համարեց:
«Կարևորը՝ պահպանվի հրադադարի ռեժիմը, և Ադրբեջանը հրաժարվի իր ագրեսիվ քաղաքականությունից»,-ասաց նա: Դավիթ Բաբայանը նշեց, որ պետք է միջազգային հանրությունը պարտադրի, որ Ադրբեջանը հարգի զինադադարի ռեժիմը, իսկ պարտադրման տարբերակներից մեկը հենց այդ մեխանիզմի ներդնելն է, որը կարող է լինել տեխնիկական՝ համապատասխան սարքավորումների տեղարդմամբ սահմանի ողջ երկայնքով, կարող է լինել մարդկային ռեսուրսի ավելացում՝ օրինակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակում, որոնք իրականացնում են մշտադիտարկում: